top of page

Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը

Մշակութային Ալիք | 7 Հունիս, 2024 | 12:10


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է:

Պայծառակերպության տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է:

Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն:


Պայծառակերպության տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնը շարժական է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:


Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: Տոնի ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է միմյանց վրա վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի Վարդավառ անվանումը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով՝ երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց իր Աստվածությունը:

Comments


ԼՐԱՀՈՍ

bottom of page